


Արմինֆո. Իրանը սպառնացել է հարվածել Իսրայելին և ամերիկյան ռազմական օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարձակման դեպքում։
Իսրայելը և ամերիկյան ռազմական բազաները կդառնան Իրանի օրինական թիրախներ ԱՄՆ հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի՝ հունվարի 11-ին, օրենսդիրների առջև ելույթ ունենալիս։ Նրա խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«ԱՄՆ ռազմական հարվածի դեպքում և՛ Իսրայելը, և՛ ԱՄՆ ռազմական ու ռազմածովային օբյեկտները կդառնան մեզ համար օրինական թիրախներ», - ասել է Ղալիբաֆը։
Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը աջակցում են ընդդիմադիր ուժերին երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։
Նա պնդել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի հակառակորդները պլանավորել են օգտագործել «ներքին ահաբեկիչներին», բայց նրանք ձախողվել են։
«Հիմա նրանք սկսել են իրականացնել այս ծրագիրը։ Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ», - հայտարարել է Ղալիբաֆը։
Իր ելույթի ժամանակ որոշ պատգամավորներ հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել։



