Արմինֆո. 2025 թվականի հունվարի 1-ից զանգերի սպասարկման բաժինն ստացել է 6925 դիմում, որից 3546-ը վերաբերել է նոր տրանսպորտային համակարգին, իսկ հունվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում օրական գրանցվել է շուրջ 1250 զանգ, որոնց 50% - ը կապված է եղել նոր տրանսպորտային ծառայությունից օգտվելու ընթացքում առաջացող խնդիրների հետ: Այդ մասին հայտարարվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ՝ կապված նոր տրանսպորտային համակարգին անցնելիս մայրաքաղաքի բնակիչների առջև ծառացած դժվարությունների քննարկման հետ:
Խորհրդակցության ընթացքում հիշատակված հիմնական խնդիրներից էին արտոնություններից օգտվելուն առնչվող դժվարությունները, քարտերի ստացման վերաբերյալ խորհրդատվության անհրաժեշտությունը, QR կոդերի վավերականության ժամկետի կրճատմանն առնչվող դժգոհությունը, ինչպես նաև այդ կոդերը չընդունող սարքերի անսարքությունները: Բացի այդ, դժվարություններ են առաջացել բանկային քարտերի միջոցով ուղեվարձի վճարման առնչությամբ, և դժգոհություններ՝ տեխնիկական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են TellCell տերմինալների անսարքությունները: Բնակիչները մտահոգություն են հայտնել նաև մարզերում բնակվող քաղաքացիների համար արտոնությունների բացակայության վերաբերյալ:
Այդ առնչությամբ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ տեղեկատվության պակաս կա նրանց մասին, թե ովքեր կարող են հավակնել արտոնություններին: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է այն բանով, որ տվյալների բազան թերի է, ուստի արտոնությունների իրավունք ունեցող ոչ բոլոր անձինք են հասցրել ստանալ դրանք, ինչպիսիք են, օրինակ, զինծառայողները կամ պատերազմի մասնակիցները։ "Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր չունեն տվյալներ բազայում, արտոնությունների համար դիմել առցանց", - ընդգծել է Գրիգորյանը:
Անդրադառնալով QR կոդերի գործողության ժամկետի կրճատման պատճառներին՝ խորհրդակցության ընթացքում նշվել է, որ այդ որոշումը կայացվել է համակարգի բեռը նվազեցնելու համար: Ընդ որում, նշվել է, որ դա ժամանակավոր միջոց է՝ մինչև փետրվարի 1-ից միասնական տոմսային համակարգին լիակատար անցումը։
Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ նշված խնդիրներն առաջանում են տրանսպորտային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ բնակչության ոչ բավարար իրազեկվածության պատճառով: "Մենք, կամ բավարար չափով չենք իրազեկում մարդկանց, կամ դա անում ենք անարդյունավետ կամ սխալ ինտոնացիաներով։ Նույնը վերաբերում է միասնական տոմսային համակարգին. վստահ եմ, որ շատերի համար այն շահավետ կլինի, բայց շատերը, պարզապես, տեղյակ չեն՝ պատշաճ տեղեկատվության բացակայության պատճառով", - եզրափակել է Ավինյանը։