


Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ գումարվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը, որին ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պետկո Դրագանովն ու ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի կենտրոնների ղեկավարներն անդրադարձ են կատարել իրենց ղեկավարած կառույցների գործունեությանը, դրանց առջև ծառացած խնդիրներին, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հեռանկարային ուղղություններին:
Կայացած քննարկումների ժամանակ կարևորվել է ՄԱԿ, ԵԱՀԿ ու ՀԱՊԿ գործակցության խթանումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Այդ առնչությամբ դեսպան Պեշկոն ընդգծել է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ԵԱՀԿ-ՀԱՊԿ գործնական փոխգործակցության զարգացման ուղղությամբ:



