2015 թվականին
կավարտվի Երևանի Կրկեսի նոր շենքի շինարարությունը: Այս մասնի այսօր Երևանում
կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է
ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը:
Նրա խոսքերով, ներդրումների արժեքը կազմում է 650
մլն.դրամ (1.6 մլն.դոլար), սակայն իրական ներդրումները մի քանի անգամ կարող են
գերազանցել այս ցուցանիշը: «Վստահ եմ, որ ներդրումները մի քանի անգամ կգերազանցեն
պլանային ցուցանիշը, քանի որ սեփականատերն արդեն խոշոր գումարներ է ներդրել շենքի
քանդմանը և պետք է լրացուցիչ ներդնի ևս 560 մլն.դրամ»,-ասել է Սահակյանը:
ԱրմԻնֆո գործակալության
թղթակցի հարցին, թե ով է հանդիսանում Կրկեսի սեփականատերը, Սահակյանը, չգիտես թե
ինչու, չի կարողացել պատասխանել, նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Անպատասխան է
մնացել նաև ներդրումային ծրագրի ի սկզբանե փոքր գումարի վերաբերյալ հարցը:
Ավելի վաղ հաղորդվել էր,
որ 2011 թվականի գարնանից Երևանի կրկեսի սեփականատերն է հանդիսանում «Տաշիր Գրուպ»
ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանյան խոշոր ձեռնարկատեր Սամվել
Կարապետյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ
կառավարության որոշմամբ «Երևանի պետական կրկես» ոչ առևտրային ընկերությունը հանվել
էր մասնավորեցման մրցույթի, որի մեկնարկային գինը կազմել էր 100 մլն.դրամ: Իսկ
մրցութային հիմունքներով Կրկեսը դեռ 2008 թվականին էր վաճառվել աշխատանքային
կոլեկտիվին` 150 մլն.դրամով: Այն ժամանակ սեփականատերը պարտավորվեց կրկեսի
արդիականացման նպատակով ներդնել 650 մլն.դրամ: Սակայն նշված միջոցները
չներդրվեցին, այդ թվում նաև գույքի դիմաց վճարները չկատարվեցին, քանի որ կոլեկտիվը
չկարողացավ նման միջոցներ գտնել, հետևաբար, որոշում ընդունվեց ընկերությունը
երկրորդ անգամ վաճառելու մասին: