Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կտրականապես համաձայն չէ Հայաստանում կանանց ֆուտբոլի հեռանկարների վերաբերյալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքին:
Իր թվիթերյան էջում Հեֆերնը գրում է, որ իր երեխաները`4 աղջիկ և մեկ տղա, ֆուտբոլ են խաղում, ինչը դրական է ազդում նրանց զարգացման վրա: Իսկ 1991 և 1999 թվականներին ԱՄՆ աղջիկների հավաքականի հաղթանակը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Հեֆերնն ազգային մեծ հպարտություն է համարում:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ասուլիսին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով Հայաստանում կանանց ֆուտբոլի հեռանկարների վերաբերյալ լրագրողների հարցին, զրոյական է համարել այն: Նրա խոսքով, դա պայմանավորված է հայկական մենթալիտետով: Ցանկացած նորմալ հայ հայր, նրա կարծիքով, թույլ չի տա, որ իր աղջիկը փոքր հասակից վնասվածքներ ստանա`ֆուտբոլ խաղալով: