Հայաստանի ազգային շահն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ է պահանջում, այսօր լրագրողներին հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական և քաղաքացիական ողջ հատվածի համախմբումը: Փոստանջյանը միաժամանակ դժգոհություն է հայտնել ընդդիմադիր ուժերի միջև փոխգործակցության մակարդակից: Փոստանջյանը գտնում է, որ այդ ուժերի համագործակցությունը պետք է նոր ոլորտներ ներառի:
Նա նաև ընդգծել է, որ երկրի ներքաղաքական կյանքում մոտ ժամանակներս ՙռումբ է պայթելու՚: ՙԱյդ փոփոխությունները տեղի կունենան ոչ թե աշնանը, ինչպես կարծում են մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ, այլ` այսօրվանից: Իշխանությունն անհապաղ պետք է վերադարձվի ժողովրդին՚,- հայտարարել է նա: Արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը թելադրում է այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է խոցելի վիճակում. զանգվածային արտագաղթը, սահմանին մշտական կրակոցները և իշխանությունների անհեռատես արտաքին քաղաքականությունն զրկում են երկրին մարտահրավերներին դիմակայելու կարողությունից:
Փոստանջյանը քննադատել է նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության վարքագիծը: Պատվիրակության նախկին անդամի կարծիքով, հայ պատգամավորները չպետք է ՙբերանը փակ պահեին՚ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ: ՙՀենց այդ լռությունն առիթ է տվել, որպեսզի Ադրբեջանի առաջնորդը մի շարք սադրիչ և ագրեսիվ հայտարարություններ անի: Անշուշտ, ես մի քան սուր հարց կհղեի նրան՚,- եզրափակել է նա: