Երևանի բնակիչները շարունակում են հաղթահարել նախօրեին տեղացած առատ ձյան հետևանքները:
Չնայած այն բանին, որ քաղաքապետարանը շարունակում է իրազեկել ձյան հեռացման աշխատանքների մասին`Երևանի շատ փողոցներ շարունակում են դժվարանցանելի մնալ հետիոտի համար: Սառույցը, հալած ձյունը և ջրափոսերն իսկական գլխացավանք են դարձել նրանց համար, ովքեր համարձակվել են փողոց դուրս գալ: Չմաքրված փողոցներ կարելի է հանդիպել նույնիսկ կենտրոնական Աբովյան, Խանջյան, Թումանյան և Իսահակյան փողոցներում: Հերոսական ջանքեր են հարկավոր ավտոբուս նստելու համար. ավտոկանգառներն իսկական լճերի են վերածվել:
Մինչդեռ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն, ապրիլի 1-ի գիշերն սպասվում է ջերմաստիճանի նվազում: Դա նշանակում է, որ թաց մայթերը սահադաշտի են վերածվելու:
Տպավորություն է ստեղծվում, որ Երևանի քաղաքապետարանը հույսը դրել է ապրիլի 2-ից ջերմաստիճանի աստիճանական բարձրացման վրա ու որոշել էներգիա չվատնել մայթերի մաքրման վրա: