102-րդ ռազմակայանի պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը մնում է անհանգիստ և բնորոշվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական հակամարտության տարածաշրջանում դիմակայության հնարավոր սրմանը: Այդ մասին ՙԿրասնայա զվեզդային՚ հայտարարել է ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի 102 ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:
ՙԵթե Ադրբեջանի ղեկավարությունն ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասությունը վերականգնելու որոշում կայացնի, ռազմակայանը կարող է միջամտլեվ զինված հակամարտությանը ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ պայմանագրային պարտավորություններին համապատասխան՚, - նշել է նա:
Ռուզինսկին նաև ընդգծել է, որ 102 ռազմակայանն անհապաղ կիրառման մշտական պատրաստության միավորում է, քանի որ դրա կազմում կա 13 հիմնական մարտական ստորաբաժանում և 17 համակողմանի ապահովման ստորաբաժանում: Ուժերի նման ծավալը թույլ է տալիս հաջողությամբ լուծել միավորմանն առաջադրված բոլոր խնդիրները:
Նրա ասելով, Հայաստանում ռուսական ռազմակայանի մարտական կազմի առանձնահատկությունը զենիթային հրթիռային դիվիզիոնն է, որը զինված է ՙC-300B՚ և ՙԲՈՒԿ-Մ1-2՚ ԶՀՀ-ով, ՙՍմերչ՚ ռեակտիվ հրետանային գումարտակը և ՄիԳ-29 մարտական ինքնաթիռների ավիացիոն բազան: Ուժերի և միջոցների ողջ այդ ծավալը տեղակայված է երկու կայազորների երկու տասնյակ զինվորական ավաններում:
Ռուզինսկին հաղորդել է, որ Երևանի արվարձանում տեղակայված ՙԷրեբունի՚ ավիաբազային սպասվում են որոշակի վերափոխումներ: Մասնավորապես, նախատեսվում է դրա տարածքում խառը ավիացիոն գնդի տեղակայում, ինչի համար անհրաժեշտ երկկողմ փաստաթղթերի ողջ փաթեթն արդեն ստորագրված է: