ՙԳազպրոմի՚ հետ գործարքից հրաժարվելու դեպքում գազի գինը Հայաստանի համար ամեն տարի կավելանար, ինչն անընդունելի է հանրապետության համար, դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, հարկավոր էր որոշակի գործողություններ ձեռնարկել, որոնք ավարտվել են 2013 թվականին: Ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում գործնականում հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել բոլոր հարցերի շուրջ: ՙՀասկանալի էր, որ ՙԳազպրոմը՚ գազ է մատակարարել ՙՀայՌուսգազարդին՚ այն գնով, որով երկու սուբյեկտները պայմանավորվել են, բայց այդ պայմանավորվածությունը ձեռնտու չէր ՀՀ կառավարությանը, ինչի առնչությամբ գործադիր իշխանությունը 30% ինդեքսավորման խնդրանքով կարգավորողին դիմելու որոշում կայացրեց, քանի որ ռուսական ընկերության հետ բանակցություններն արդեն եզրափակիչ փուլում էին գտնվում՚,- հիշեցրել է վարչապետը: Արդյունքում վերջին երեք տարում ՙՀայՌուսգազարդը՚ պարտքեր է կուտակել, որոնք հարկավոր էր մարել: Բանակցությունների արդյունքում $300 մլն պարտքը կիսելու որոշում է ընդունվել, որի կեսն իր վրա է վերցրել ռուսական կողմը, մյուս կեսը` հայկական: Այդ գործարքում Հայաստանի մասնակցության բաժինը կազմել է ՙՀայՌուսգազարդի՚ բաժնետոմսերի`Հայաստանի կառավարությանը պատկանող 20%-ը, որը հանձնվել է ռուսական ՙԳազպրոմին՚: Բաժնետոմսերի 20%-ի վաճառքը $150 մլն-ով շատ ձեռնտու գործարք էր: Առավել ևս, որ ՙՀայՌուսգազարդի՚ շահութաբերությունը բարձր չէ, սակայն հաշվի առնելով գազային տնտեսության արդիականացման գործում առաջիկա ներդրումները`կարելի է վստահաբար ասել, որ այդ գործարքից հանրապետությունը միմիայն շահել է: ՙԳործարքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի համար, քանի որ ՙՀայՌուսգազարդի՚ բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն հանրապետության իշխանությունների հետ՚,- ընդգծել է Սարգսյանը:
Վարչապետն ավելացրել է, որ վերջին երեք տարում Իրանը մշտապես բարտերային գործարքից հրաժարվելու և դրամական էկվիվալենտի անցնելու հարց է դնում Հայաստանի առջև: Ավելին, բարձրացվել է նաև իրանական գազի գնի բարձրացման հարցը: Այս պայմաններում ռուսական կողմի առաջարկն ավելի գրավիչ էր: