
Արմինֆո.ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է անհետ կորածների և Բաքվում պահվող ռազմագերիների հարազատների հետ:
Ինչպես հաղորդել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող ընթացիկ խնդիրները, Պաշտպանի մանդատի շրջանակում արդեն իսկ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև շարունակական աջակցության ապահովման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերը։
«Պաշտպանը վերահաստատել է, որ հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ», - ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։
Հավելենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 անձ, ընդ որում, շուրջ 300 մարդ այդպիսին է համարվում 2020 թվականի աշնանից մինչև 2023 թվականի աշուն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին ռազմական գործողություններից հետո։ Բոլոր տվյալները ԿԽՄԿ-ն հավաքել է անհետ կորածների հարազատների դիմումների հիման վրա։ ԿԽՄԿ-ից նաև հաղորդել են, որ այդ 300 անձանց թվում կան մի քանի տասնյակ դիմումներ, որոնք վերաբերում են այն դեպքերին, երբ ընտանիքը չի համաձայնել պետության ներկայացրած ԴՆԹ տվյալներին: