


Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում՝ միջկառավարական առաջիկա շփումների լույսի ներքո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, քննարկվել են երկու արտաքին գերատեսչությունների միջև համակարգման արդիական հարցեր։
«Նրանք հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու արդյունավետ համատեղ աշխատանքը՝ ռուս-ադրբեջանական բազմակողմանի կապերի և դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաև Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման և համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։



