


Արմինֆո.Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ, դեսպան պարոն Պիեռ-Իվ Ֆուքսը, որը Երևանում էր գտնվում Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման նպատակով, ապրիլի 8-ին ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան տիկին Անդրեա Բարբարա Բաումանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, հյուրերին ողջունել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի վերջում Պարոն Պիեռ-Իվ Ֆուքսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:



