
Արմինֆո.ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիմակայության հանգուցալուծումն անմիջական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության, տնտեսության և ապագայի վրա: Այդ մասին գրում է "Միասնության թևեր" նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ երկշաբաթյա հրադադարից առաջ ԱՄՆ-ի կողմից Իրանի 10 պահանջների ընդունման ֆոնին։
«Տարածաշրջանը մտնում է մի փուլ, որտեղ երկար ժամանակ կուտակված լարվածության թնջուկը կարծես մոտենում է իր հանգուցալուծմանը։
ԱՄՆ–Իրան հակադրությունը, որը ամիսներ շարունակ պահում էր ամբողջ տարածաշրջանը պայթյունի եզրին, այսօր տեղափոխվում է բանակցային հարթություն։ Սա դեռ խաղաղություն չէ, և առավել ևս՝ վերջնական համաձայնություն չէ։ Բայց սա արդեն այն կետն է, որտեղ ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին։
Իրանը խոսում է առավելագույն պահանջների լեզվով, ԱՄՆ-ը՝ զսպման ու վերահսկման տրամաբանությամբ, բայց ամենակարևորը՝ կողմերը կանգ են առել։
Եվ երբ կանգ են առնում նման մասշտաբի բախումները, դա արդեն ինքնին շրջադարձ է։
Մեզ համար սա պարզապես արտաքին նորություն չէ։ Սա մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր ապագայի վրա անմիջական ազդեցություն ունեցող հանգույց է։
Եթե այս թնջուկը իսկապես սկսի լուծվել, ապա փոխվելու է ոչ միայն տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, այլև այն միջավայրը, որի մեջ մենք պետք է կայացնենք մեր քաղաքական և տնտեսական որոշումները», - գրել է Դավիթ Անանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին Twitter-ի իր էջում հրապարակել է 10 պահանջների ցանկը, որոնց ԱՄՆ-ը համաձայնել է ապրիլի 10-ից հրադադարի հաստատման համարն: Մասնավորապես, խոսքը վերաբերում է չհարձակվելու պարտավորությանը; Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանմանը; ուրանի հարստացման համաձայնությանը; բոլոր առաջնային պատժամիջոցների վերացմանը; բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացմանը; ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերի գործողության դադարեցմանը; ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձեւերի գործողության դադարեցմանը; Իրանին փոխհատուցում վճարելուն; տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը; բոլոր ճակատներում պատերազմը դադարեցնելուն, այդ թվում ՝ Լիբանանում "Հեզբոլլահի" դեմ պատերազմները։ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Իսլամաբադում՝ Պակիստանի ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք հանդես կգան որպես միջնորդներ: