


Արմինֆո. ՀԱՊԿ անդամության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է և այն փոփոխության չի ենթարկվել։ Այդ մասին ԱրմԻնֆո - ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը' ի պատասխան ճշտման, թե արդյոք Հայաստանի իշխանությունները դիտարկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման հնարավորությունը:
"ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ հրապարակավ։ Դրան ավելացնելու ոչինչ չկա", - ասել է նա։
Նշենք, որ ապրիլի 6-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպմանը կարևոր է համարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Հայաստանի ղեկավարության մակարդակով հանդիպումների կազմակերպումը: Լուկաշենկոյի ասելով՝ վատ չէր լինի, եթե Մասադիկովն այցելեր Երևան և խոսեր Հայաստանի վարչապետի, նախագահի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, իմանար նրանց դիրքորոշումն ապագայի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



