


Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այն դատողությունները, թե ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և մնացած կառույցներից, կոռեկտ չեն: Այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը, հաղորդում է "Պառլամենտսկայա գազետա"-ն։
"Հարցադրումն ինքնին այս առումով կոռեկտ չի թվում։ Չէ որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է ներկա իրավիճակի հստակ պատկերը. "էներգակիրների, գազի գները Եվրոպայում 1000 խմ դիմաց 600 դոլարից բարձր են, իսկ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում ՝ 1000 խմ դիմաց 177,5 դոլարով", - նշել Է Կոսաչովը։
Նրա խոսքով՝ ռուսական գազի ներկայիս գինը հզոր խթան է ապահովում Հայաստանի տնտեսության զարգացման համար եւ կարեւոր գործոն է երկրում սոցիալական եւ քաղաքական կայունության համար: Եվ դա, ինչպես հիշեցրել է Կոսաչովը, տեղի է ունենում Եվրոպայում եւ ողջ աշխարհում սուր էներգետիկ ճգնաժամին զուգահեռ։ "Հայ քաղաքական գործիչների կողմից արդարացի եւ ազնիվ կլիներ հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նման մասշտաբը, այլ ոչ թե շահարկել գնային քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները", - ամփոփել է սենատորը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին սպառնացել էր ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալ, եթե Ռուսաստանը հանկարծ որոշի բարձրացնել Հայաստանի համար գազի գինը:



