
Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի 104-ամյա վետերան Հրանտ Կարապետյանի հուշերի "Նախապապից մինչև ծոռ. Հայրենական մեծ պատերազմի վետերանի ընտանեկան սագա" գրքի շնորհանդեսը:
Ինչպես հաղորդել է Երևանում "Մոսկվայի տուն" մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի մամուլի ծառայությունը, ստեղծագործության մեջ տեղ են գտել պատերազմի բովով անցած Կարապետյանի հուշերը, որպես ճարտարապետ և շինարար տասնամյակների ստեղծագործական աշխատանքը, ինչպես նաև նրա նախնիների մասին տեղեկություններ, որոնք միահյուսված են հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերին:
Գրքի շնորհանդեսի ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այս հրատարակությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես է անձնական, ընտանեկան պատմության նկատմամբ հոգատար վերաբերմունքը վերաճում մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողության պահպանման: "Հրանտ Մելիքսեթովիչը պատկանում է հաղթողների լեգենդար սերնդին, ովքեր ոչ միայն հերոսաբար մարտնչել են Մեծ հայրենականի ճակատներում, այլև միասնաբար վերականգնել են մեր ընդհանուր հայրենիքը։ Եվ մեր սիրելի վետերանի գրքում տեղ գտած փաստերը շատ արժեքավոր են ոչ միայն մեզ, այլեւ նոր սերունդների համար", - ընդգծել է դեսպանը։
"Դիալոգ" հասարակական-բարեգործական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը, ում ջանքերով գիրքը լույս է տեսել, նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների ստեղծագործությունների հրատարակումն արդեն բարի ավանդույթ է դարձել: "Անցյալ տարի լույս տեսավ 100-ամյա վետերան Լաչին Ստեփանյանի "Իմ ժամանակը, իմ հաղթանակը" բանաստեղծությունների ժողովածուն: Իսկ Հրանտ Մելիքսեթովիչի գիրքը ոչ թե, պարզապես, հուշեր կամ ընտանեկան տարեգրություն է, այլ ժամանակի կենդանի պատմություն, որը հազիվ թե կարելի է կարդալ դասագրքերում", - պատմել է Նավոյանը։
Իր հերթին՝ Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանն ընդգծել է, որ գրքի հրատարակումը հարգանքի տուրք է Մեծ հայրենականի վետերաններին՝ ի դեմս Հրանտ Մելիքսեթովիչի, ում սերն ընտանիքի և հայրենիքի հանդեպ պետք է օրինակ ծառայի սերունդների համար:
Աղբյուրի համաձայն՝ գրքի վրա աշխատանքը Հրանտ Մելիքսեթովիչը սկսել է 93 տարեկանում, իսկ վերջակետը դրել է հենց իր 94-ամյակի օրը: Նշվում է, որ գրքի ստեղծման համար նրան ոգեշնչել են երեխաներն ու թոռները, որոնք օգնել են նրան վեր հանել արխիվները, հին գրառումները, լուսանկարները և վերականգնել տոհմագրությունը: Հատկանշական է, որ գրքի շապիկը զարդարել է իր 100-ից ավելի տարիների ընթացքում հենց վետերանի նկարած նկարը: