
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկել են ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով կազմակերպչական գործընթացներին, մասնակից երկրների ներգրավման ձևաչափերին, ինչպես նաև համաժողովի արդյունավետ անցկացմանն ուղղված համատեղ քայլերին։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, նպատակ ունի ապահովել բարձր մակարդակի, ներառական և գործնական արդյունքների վրա հիմնված համաժողով՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղմանը։
Կարևորել է նաև Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը և հնարավոր մասնակցությունը COP17-ի կազմակերպչական և բովանդակային գործընթացներում՝ հատկապես փորձագիտական աջակցության, շահագրգիռ կողմերի ներգրավման և միջազգային նախաձեռնությունների շրջանակում։
Դեսպան Դըկոտինյին նախարարին ներկայացրել է Ֆրանսիայի զարգացման համագործակցության գործակալության (Expertise France) կողմից առաջադրված փորձագետ Անի Դաքմեջյանի նշանակումը՝ որպես շահագրգիռ կողմերի ներգրավման և իրազեկման պատասխանատու։
Նախարարը ողջունել է այդ նախաձեռնությունը՝ ընդգծելով արդյունավետ հաղորդակցության և լայն մասնակցության ապահովման կարևորությունը համաժողովի հաջողության համար։
Անի Դաքմեջյանը ներգրավվելու է COP17-ի կազմակերպչական աշխատանքներում։
Հանդիպման ընթացքում վերահաստատել են երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը բնապահպանության և կլիմայական քաղաքականության ոլորտներում և պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ուղղված համաժողովի հաջող կազմակերպմանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կալիում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է կողմերի 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր ։ ՄԱԿ - ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որն ուղղված է շրջակա միջավայրի կայունության ապահովման, կենսաբանական բազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի կարգավորմանը: Կոնվենցիայի կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներից են, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ, և որոնց ընթացքում մասնակից երկրները մշակում են կոնվենցիայի դրույթների իրականացման մեխանիզմներ և ստանձնում նոր պարտավորություններ բնական ռեսուրսների պաշտպանությունն ուժեղացնելու համար: