
Արմինֆո.Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական ճեմարանի հետ համատեղ մի շարք միջոցառումներ են անցկացրել հանրապետությունում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:
Այսօր Երևանում բուլղարական դիվանագիտական ներկայացուցչությունում ճեմարանի սաները պոեզիայի ժամ են անցկացրել: Նրանք արտասանել են բուլղարացի հայտնի բանաստեղծների ստեղծագործությունները՝ բուլղարերեն և ֆրանսերեն։ Ստեղծագործությունների մի մասը ընթերցվել է ճեմարանի սաների երաժշտական նվագակցությամբ: Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը, բացելով հանդիպումը, շնորհակալություն է հայտնել հավաքվածներին ֆրանսերենի հանրահռչակման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող այդ միջոցառմանը մասնակցելու համար:
Միջոցառման հյուրերն էին Երևանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագետներ, Հայաստանի ԱԳՆ, ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, ճեմարանի ղեկավարությունն ու մանկավարժական կազմը, ինչպես նաև ճեմարանի սաների ծնողները:
Բացի այդ, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մարտի 28-ին Երևանում Բուլղարիայի դեսպանությունը ֆրանսիական ճեմարանի հետ համատեղ կազմակերպել էր սեղանի թենիսի մրցաշար:
Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը մրցաշարի մեկնարկից առաջ մասնակիցներին կոչ է արել մնալ նպատակասլաց և ձգտել հաջողության և բարձր նվաճումների: Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կրթահամալիրի տնօրենին համագործակցության համար, ինչպես նաև ճեմարանի վարչակազմին և աշակերտներին ՝ Երևանում ֆրանսերեն լեզվի և մշակույթի բարեկամների ցուցաբերած նվիրումի և խանդավառության համար:
Նիկոլա Նիկոլովը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են ֆրանսիական կրթահամալիրի հետ համատեղ այլ նախաձեռնություններ, որոնք թույլ կտան սաներին ազատ ցուցադրել իրենց հմտությունները և հնարավորություն կտան զարգանալու և վստահություն ձեռք բերելու իրենց գիտելիքների և կարողությունների նկատմամբ:
Նիկոլովը մեդալներ է հանձնե լ հաղթողներին, իսկ մրցաշարի մյուս բոլոր մասնակիցներին ՝ հավաստագրեր: