


Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանն այն մասին, որ իրենց քաղաքական շարժման ներկայացուցիչները մտադիր են եղել ընտրակաշառք բաժանել:
«Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է։
«Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։
Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն` օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ
անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է», - գրել է Ղահրամանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք քաղաքացիների մեղադրել էր "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցության օգտին ընտրողներին կաշառելու մտադրության մեջ: Քննչական մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, նպատակ են ունեցել ընտրակաշառք բաժանել Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների ՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությւոնը իրենց կողմից նշված կուսակցության օգտին: Նշվում էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվել են տասնյակ խուզարկություններ, ձերբակալվել է հինգ անձ:



