
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն երեք անձի նկատմամբ քրեական գործ է հարուցել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, ուր եկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար:
Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի գործունեությանը միջամտություն):
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ին, երբ Հայաստանում նշվում էր Ծաղկազարդը: Այդ օրը Հայաստանի վարչապետը Երևանում նախընտրական քարոզչության ժամանակ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների և "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչների ուղեկցությամբ մտել է Սուրբ Աննա եկեղեցի: Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում Փաշինյանի համար, ներկաներից ոմանք վրդովվել են, որ Սուրբ պատարագի ժամանակ իրենց հրմշտում են։
Սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածված տեսանյութերի համաձայն, հավատացյալներից մեկը Փաշինյանի թիկնազորի ներկայացուցչից պահանջել է "իրեն այդպես չնայել", իսկ մյուսը փորձել է հարվածել Փաշինյանին։ Անվտանգության աշխատակիցները փակել են նրա ճանապարհը։ Հավատացյալներից ոմանք պահանջել են, որպեսզի Փաշինյանը լքի եկեղեցին, մինչդեռ, Հայաստանի վարչապետը ժպտալով փորձել է հավատացյալներին Հայաստանի քարտեզով կրծքանշաններ բաժանել։
Այն բանից հետո, երբ Փաշինյանը շքախմբով հեռացել է եկեղեցու տարածքից, այնտեղ են եկել իրավապահներ ու բերման ենթարկել երկու երիտասարդների։ Ավելին, համացանցում տարածվել են նաև կադրեր, թե ինչպես է անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը հարվածել երիտասարդի դեմքին, ով դժգոհություն է հայտնել պատարագին Փաշինյանի հայտնվելու առնչությամբ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից երկուսը եղբայրներ են՝ Դավիթ և Միքայել Մինասյաններնը, ովքեր Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցի աշակերտներ են: Ինչպես հաղորդել է լրագրող Սյուզի Բադոյանը, ուշ գիշերը նրանց տեղափոխել են քննչական մեկուսարան: Եղբայրներից մեկի՝ Միքայել Մինասյանի առողջական վիճակը, լրագրողի ասելով, ձերբակալման օրը վատացել է։ Վերջինս առողջական խնդիրներ ունի։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատարագի ժամանակ Փաշինյանի ներկայությունը կամ պահվածքը վրդովմունք է առաջացնում հավատացյալների շրջանում, որոնք չեն աջակցում վարչապետի կողմից անցած տարվա մայիսից ծավալված հակաեկեղեցական արշավին։