


Արմինֆո.ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը քննարկման փուլում է, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շրջանակներում։ Այս մասին մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս երկրի Հիմնական օրենքի հեղինակների հետ տեղի է ունեցել մեկ հանդիպում, որը կրել է աշխատանքային բնույթ։ Սահմանադրության տեքստի հրապարակումից հետո քննարկումները կշարունակվեն, բայց հասարակության ավելի լայն շերտերի մասնակցությամբ և բաց ձևաչափով։ Այսօր քննարկվող ամեն ինչ, շարունակեց Հովհաննիսյանը, աշխատանքային փաստաթուղթ է։
Իշխող խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն իր հերթին նշեց, որ ընթացող հանրային քննարկման հիման վրա, կարծես թե, Քաղաքացիական պայմանագիրն է որոշում կայացնում երկրի Հիմնական օրենքի վերաբերյալ։ «Մինչդեռ սա ընդամենը կուսակցության առաջարկն է հանրությանը՝ թե՛ նախաբանի, թե՛ մյուս կետերի վերաբերյալ։ Մեր նպատակն է անմիջական զրույցի մեջ մտնել քաղաքացիների հետ՝ ներկայացնելով մեր մոտեցումներն ու տեսլականները», - նշեց Լիլիթ Մինասյանը։



