
Արմինֆո. Ռուսաստանի Կուրսկի մարզի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Սերգեյ Ֆոֆանովի գլխավորությամբ, ճանաչողական այցով այցելել է Գյումրի, որի ընթացքում վերահաստատել է պատրաստակամությունը՝ հետագայում ևս խորացնելու երկկողմ կապերը Հայաստանի հետ:
Ինչպես հայտնել են Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակն էր ամրապնդել 2016 թվականին Կուրսկի և Գյումրու միջև ստորագրված համագործակցության հուշագիրը: Հանդիպման ընթացքում փոխնահանգապետը հիշեցրել է, որ Կուրսկից Հայաստան հիմնականում ներմուծվում են արտադրական հումք, մեքենաշինական արտադրանք և հրուշակեղեն, իսկ Հայաստանից արտահանվում է սև մետաղ, հագուստ և սննդամթերք: Բացի այդ, նա նշել է «Կվարց» առևտրի տան հաջող համագործակցությունը հայկական լեռնահանքային ընկերությունների հետ:
Իրենց հերթին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը և տեղակալ Գագիկ Մանուկյանը ուշադրություն են հրավիրել Կուրսկի հետ համագործակցության մեծ հեռանկարների վրա: Նրանք նշել են, որ ռուսական կողմի ակտիվ ներկայությունը շատ արժեքավոր է քաղաքի համար և նպաստում է երկկողմ հարաբերությունների բարելավմանը: Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա, որտեղ նրանց դիմավորել է հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Մեդինսկին: Հյուրերը մոմ են վառել 1842 թվականին ռազմաբազայի տարածքում կառուցված Սուրբ Ալեքսանդրա թագուհու տաճարում, եղել են ռազմական պատմության թանգարանում, այցելել հանրահայտ «Սև բերդ» և Սուրբ Արխանգել Միքայել եկեղեցի:
Էքսկուրսիայի ընթացքում պատվիրակությունն այցելել է նաև Գյումրիում գտնվող «Կուրսկի հրապարակ», որը բացվել է տարիներ առաջ հենց սերտ հարաբերությունների ու համագործակցության շնորհիվ և յուրօրինակ կամուրջ է դարձել քույր քաղաքների միջև: Այցի ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ կապերի հետագա խորացման պատրաստակամությունը և նշել նման այցերի կազմակերպման հնարավորությունը՝ որպես նոր գործնական ձեռքբերումների հիմք:
«Երկու քույր քաղաքների միջև հաստատված ջերմ հարաբերությունները նոր էջ կբացեն հատկապես արտադրական և մշակութային ոլորտներում՝ նպաստելով ինչպես տնտեսական ցուցանիշների աճին, այնպես էլ ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ամրապնդմանը: Գյումրին և Կուրսկը պատրաստ են շարունակել համատեղ ուղին՝ իրականացնելով բոլոր նախանշված ծրագրերն ու նախաձեռնությունները»,- ամփոփել են Գյումրու քաղաքապետարանից: