
Արմինֆո.ՄԱԿ-ի երջանկության վարկանիշում, որն ամեն տարի չափում է երջանկության ցուցանիշը Հայաստանն աշխարհի 147 երկրների շրջանում զբաղեցրել է 89 - րդ տեղը՝ մեկ տարի առաջվա 87-րդի դիմաց: Վարկանշային աղյուսակում մեր երկիրը գտնվում է Տաջիկստանի և Հոնկոնգի միջև։
Այդ արդյունքը չափվել է՝ հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները․ "սոցիալական աջակցություն", որով Հայաստանը բոլոր երկրների շարքում զբաղեցրել է 72 - րդ հորիզոնականը, "բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ" ՝ 53 – րդ տեղ, "ընտրության ազատություն"՝ 83-րդ, "առատաձեռնություն՝ 133-րդ, "կոռուպցիայի ընկալում"՝ 50-րդ տեղը։
Ընդ որում, Հայաստանն առաջ է անցել հարևան երկրներից։ Մասնավորապես, Վրաստանը 91 - րդ տեղում է, Թուրքիան՝ 94-րդ, Իրանը ՝ 95 - րդ և Ադրբեջանը՝ 102-րդ տեղերում:
ԵԱՏՄ-ում ամենաերջանիկ երկիրը, ըստ վարկանիշի, Ղազախստանն է, որը զբաղեցրել է 33-րդ տեղը, նրան հաջորդում է Ղրղզստանը՝ 66 - րդ տեղում, իսկ Ռուսաստանը՝ 79-րդ։ Բելառուսը երջանիկ երկրների վարկանիշում չի ընդգրկվել։
Հետխորհրդային տարածքի մնացած պետությունների շարքում երջանկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուզբեկստանում (53-րդ հորիզոնական), որին առավելությամբ հաջորդում են Տաջիկստանը (88-րդ հորիզոնական) և Ուկրաինան (111-րդ հորիզոնական):
Ընդ որում, աշխարհի երջանիկ երկրների առաջատար 5-յակում ընդգրկվել են Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Կոստա Ռիկան և Շվեդիան, մինչդեռ ամենադժբախտն արդեն տարիներ շարունակ մնում է Աֆղանստանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը World Happiness Report - ում իր լավագույն արդյունքը ցույց է տվել 2023 թվականին ՝ զբաղեցնելով 79-րդ տեղը, 2022 թվականին՝ 82-րդ, 2021 թվականին՝ 86 - րդ, 2020 և 2019 թվականներին՝ 116-րդ, 2018 թվականին՝ 129 - րդ, 2017 թվականին ՝ 122-րդ հորիզոնականներում։
Նշենք, որ ՄԱԿ-ը Gallup-ի, The Oxford Wellbeing Research Centre-ի եւ The UN Sustainable Dev elopment Solutions Network-ի հետ համագործակցությամբ չափում է երջանկության ցուցանիշը 2012 թվականից ի վեր եւ հիմնվում է երկրի տնտեսական եւ սոցիալական իրավիճակի տասնյակ հազարավոր մարդկանց գնահատականների վրա՝ 0-ից 10 սանդղակով:
Վերլուծաբանները վարկանիշը պատրաստելիս հաշվի են առնում ոչ միայն այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բնակչության մեկ շնչի բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) և կյանքի տևողությունը, այլև երկրում կոռուպցիայի մակարդակը, բնակչության սոցիալական աջակցության մակարդակը, կարևոր որոշումներ կայացնելու քաղաքացիների հնարավորությունը, որոնք ազդում են պետական և հասարակական քաղաքականության վրա: Հաշվարկները ներառում են այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են բնակչության եկամուտների մակարդակը, առողջապահության և սոցիալական օգնության հասանելիությունը, կոռուպցիայի առկայությունը, հասարակության շրջանում ազատությունն ու փոխօգնությունը: