


Արմինֆո. Երևանի մետրոյում գնացքների երթևեկությունը վերականգնվել է, տեխնիկական խափանումը վերացվել է: Այդ մասին հաղորդել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Այս պահին երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում: Շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերատարության և ըմբռնման համար», - նշել են մետրոպոլիտենում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական սոցիալական ցանցերում տարածվել էին մետրոպոլիտենի տարբեր կայարաններում մարդկանց կուտակումներ պատկերող տեսանյութեր: Քաղաքացիները բողոքում էին, որ չեն կարողանում դասի և աշխատանքի հասնել՝ մետրոյի աշխատանքի խափանումների պատճառով: Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էր, որ Երևանի մետրոպոլիտենը տեխնիկական խափանման պատճառով երկու ուղղություններով գործում է մեկ երկաթուղային գծով: Հոսանքի տատանումների հետևանքով "Գործարանային" կայարանի բաց հատվածում առաջացել էր տեխնիկական խափանում։



