


Արմինֆո.Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին հաղորդել է, որ ՎՈւԵ պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը, գրում է aliq.ge-ն։
Միտրոպոլիտի խոսքով՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ցանկանում է մեկնել Վրաստան։ «Չեմ կարող ասել, թե ով կգա։ Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Ինչպես կանոնն ու կարգն է։ Մեզ հետ կապ են հաստատում նաև ոչ միայն ուղղափառ եկեղեցիները։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա», — TV Pirveli-ին ասել է Փաչուաշվիլին։
Նշենք, որ այսօր կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, թե արդյոք կարևոր չի համարում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի (չհեռանալու մասին ստորագրություն է տվել) մասնակցությունը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին հրաժեշտի արարողությանը, նշել է, որ Կտրիճ Ներսիսյանին (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը-խմբ.) կաթողիկոս չի ճանաչում: «Հայաստանը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Ես մտադիր եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, անձամբ ցավակցել. մենք քննարկում ենք ձևաչափը, թե ինչպես ենք մասնակցելու։ Այլ ձևաչափերի մասին չեմ կարող ասել", - ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը մահացել է մարտի 17-ին Թբիլիսիի կլինիկայում՝ 93 տարեկան հասակում: Վրաստանում սուգ է հայտարարվել։ Պատրիարքը կհուղարկավորվի մարտի 22-ին՝ Սիոնի տաճարում:



