
Արմինֆո. Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում բանակցություններ է վարել երկրի մի շարք պետական պաշտոնյաների հետ:
Ինչպես հաղորդում է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, մասնավորապես, Հովակիմյանին ընդունել են Չեռնոգորիայի Արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Պերիշա Կաստրատովիչը և Կրթության, գիտության և նորարարության նախարարության պետական քարտուղար Տատյանա Չալասանը: Հանդիպումներ են կայացել Չեռնոգորիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իրենա Պրելևիչի, վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Միլիցա Պերիշիչի, ԱԳՆ հյուպատոսական հարցերի և հայրենակիցների հետ համագործակցության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Իվանա Ջուկանովիչի և միջազգային իրավական հարցերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Իվանա Շիկմանովիչի, Կրթության, գիտության և նորարարության նախարարության նորարարության և խելացի մասնագիտացման գլխավոր տնօրեն Սավիցա Վույիչիչի հետ:
Քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ․ հատկապես, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) Չեռնոգորիայի մասնակցության վերաբերող հարցեր, երկկողմ բարձրաստիճան այցերի և քաղաքական խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը, հստակեցվել է իրավապայմանագրային դաշտը, մանրամասն անդրադարձ է կատարվել հյուպատոսական և միգրացիայի հարցերին։
Կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու հնարավորությունների լավագույն իրացումը և ընդծվել Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը՝ որպես կարևոր ուղենիշ ՀՀ-ԵՄ գործընկերության ապագա խորացման համար։
ՀՀ դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ այս համատեքստում նաև ներկայացնելով Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ընթացող դրական դինամիկան: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:
Կրթության, գիտության և նորարարության նախարարությունում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության մասին միջկառավարական համաձայնգրի ստորագրման ընթացակարգը, ինչպես նաև ստեղծարար կրթության, նորարարությունների և ստարտափերի բնագավառներում համագործակցությունը։