
Արմինֆո. Ուժեղ բանակը, խելացի դիվանագիտությունը և տնտեսական անկախությունը ուժեղ Հայաստանի հայեցակարգի երեք առանցքային հիմնասյուներն են: Այդ մասին հայտարարել է ռուսաստանահայ գործարար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով իր քաղաքական ուժի անվտանգության հայեցակարգը։
"Եկել է տեւական խաղաղության ժամանակը, վաղը ուշ կլինի։ Սա հանրահայտ կանոն է։ Պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ ուժ չկա: Թույլ բանակը սադրում է հակառակորդին, իսկ ուժեղ բանակը խաղաղություն է ապահովում։ Խաղաղությունը չեն մուրում, այն ուժով են պահում։ Ես հաճախ եմ մտածում այն մասին, թե ինչպես կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ զորակոչային տարիքը դառնա վստահության, այլ ոչ թե վախերի տարիք։ Մենք անվտանգության և դիվանագիտության ոլորտի միջազգային փորձագետների հետ մշակել ենք "Ուժեղ Հայաստան" համակարգային ծրագիրը",- նշել է նա Facebook-ի իր էջից հղած ուղերձում։
Ընդ որում, Կարապետյանն ընդգծել է, որ իր թիմի աշխատանքն այդ ուղղությամբ ունի երեք հիմնական ուղղություն․ ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն և տնտեսական անկախություն: Նրա խոսքով ՝ հենց այդ համակարգային ծրագրի իրականացման շնորհիվ են կառուցելու ուժեղ Հայաստան։
"Հայրենիքը սկսվում է սահմանից, հայրենիքի հանդեպ սերը՝ նույնպես, հետևաբար, Հայաստանի սահմանները պետք է լինեն անխախտ և անձեռնմխելի: Հետախուզության համակարգման մշտական կենտրոնները, անօդաչու հետախուզությունը, ինչպես նաև արհեստական բանականության վերլուծությունը թույլ կտան ապահովել մեր սահմանների անխախտելիությունը և մեր զինվորների անվտանգությունը", - նշել է քաղաքական գործիչը։
Ընդ որում, նա ցավով է արձանագրել, որ հայ ժողովրդի գլխին կախված վերջին տարիների պատերազմներն ապացուցել են, որ չի կարելի հաղթել գետնի վրա, եթե օդն անպաշտպան է: Կարապետյանը խոստացել է ապահովել Հայաստանի երկնքի պաշտպանությունը ՀՕՊ և ՌԷՊ ժամանակակից բազմաշերտ համակարգերով:
"Ուժեղ Հայաստանում զինվորական ծառայության հիմքում լինելու է պրոֆեսիոնալ, տեխնոլոգիական և առաջադեմ բանակը։ Զորացրվելուց հետո արժանապատիվ ծառայությունը և արժանապատիվ կյանքը մեզ համար առաջնահերթություն է։ Հայաստանն աշխարհի հետ խոսելու է վստահ, ուժեղի դիրքերից։ Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է պրագմատիկ և հավասարակշռված։ Արևմուտքի և Արևելքի հետ մեր բանակցությունները լինելու են հստակ՝ պահպանելով մեր կարմիր գծերը։ Մենք կշարունակենք երկխոսությունը մեր ռազմավարական գործընկերների հետ՝ միաժամանակ խորացնելով շփումները մյուս գերտերությունների և երկրների հետ", - հայտարարել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ 30 տարի գտնվելով բիզնեսում, սովորել և յուրացրել է ուժեղի դիրքերից բանակցելու հմտությունները, կապեր է հաստատել աշխարհի տարբեր կենտրոններում: Կարապետյանի խոսքով՝ իր այդ փորձն ու միջազգային կապերը կծառայեցվեն Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Քաղաքական ուժի առաջնորդը հավելել է, որ իր թիմն արդեն աշխատում է հայկական սփյուռքի հետ՝ սենտիմենտալ աջակցությունը վերածելով ռազմավարական գործիքի՝ միջազգային ազդեցությամբ, ենթակառուցվածքով և երկարաժամկետ ներդրումներով:
"Մեր շփումները տարածաշրջանի հետ հիմնվելու են փոխշահավետության, այլ ոչ թե միակողմանի զիջումների սկզբունքի վրա։ Խաղաղությունը ձեռք չի բերվում թուլությամբ, այլ արձանագրվում է ուժով: Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, հարատև խաղաղություն: Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն մուրալու քաղաքականությունը և անցնի այնպիսի քաղաքականության, որտեղ առաջնային են Հայաստանն ու նրա շահերը։ Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի մուրա, այլ սեփական ուժերով կկառուցի այն։ Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին: Հայաստանին չեն կարող լռեցնել։Այլեւս թույլ չենք լինելու", - եզրափակել է Կարապետյանը։ -