
Արմինֆո.Իրանը չի ընդունում հրադադարը, բայց եթե պատերազմի վերջնական ավարտի գաղափար կա, Թեհրանը կդիտարկի այն։ Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարը՝ "Ալ Ջազիրա" –ի հետ հարցազրույցում:
"Մենք չենք հավատում հրադադարին, մենք հավատում ենք պատերազմի ավարտին, պատերազմի ավարտը նշանակում է հենց պատերազմի ավարտ բոլոր ճակատներում: Դա հօգուտ տարածաշրջանի խաղաղության է, որպեսզի մեկընդմիշտ լուծի տարածաշրջանում պատերազմի հարցը, եւ խաղաղություն տեսնենք ողջ տարածաշրջանում՝ Լիբանանում, Եմենում, Իրաքում, Իրանում եւ տարածաշրջանի մյուս երկրներում։ Ես կարծում եմ, որ խաղաղությունը տարածաշրջանում պետք է լինի համակողմանի, ճշգրիտ եւ ընդգրկի բոլոր երկրները", - ըստ Pars today-ի՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Իրանը չի ընդունում հրադադարը, բայց եթե կա պատերազմի վերջնական ավարտի գաղափար, իրենք պատրաստ են դիտարկել այն:
"Կան բազմաթիվ բարեկամ երկրներ, որոնք առաջարկում են իրենց նախաձեռնությունները և հայտարարում խաղաղության հաստատման գործում դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն բարեկամներին, ովքեր ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ: Մեր դիրքորոշումը նույնն է, ինչ ես հնչեցրել եմ այստեղ, և մենք այն փոխանցել ենք մեր բարեկամներին։ Մենք չենք ընդունում հրադադարը, բայց եթե կա պատերազմն ավարտելու գաղափար, որը բավարարում է մեր պայմանները, այնպես որ պատերազմը վերջնականապես ավարտվի ամբողջ տարածաշրջանում, և Իրանին հասցված վնասը փոխհատուցվի, մենք անպայման կլսենք և կդիտարկենք նման գաղափարները", - ասել է իրանցի դիվանագետը ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդն Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին: