


Արմինֆո. Ցանկացած երկիր, որն իր տարածքը կտրամադրի ԱՄՆ-ին և Իսրայելին, կդառնա Իրանի օրինական թիրախ։ Ըստ Pars Today-ի՝ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղքչին՝ Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։
"Միջազգային իրավունքի համաձայն ՝ ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքն ու ռեսուրսները տրամադրել այլ պետությունների ագրեսիվ գործողությունների համար։ Իրանի պաշտպանական միջոցառումներն ուղղված են բացառապես ագրեսորների, ինչպես նաև այն ռազմակայանների և օբյեկտների դեմ, որոնք օգտագործվում են Իրանի վրա հարձակումների համար", - նշել է Իրանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ իրանական 4 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Նախիջևանը: Այդ առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Իրանի դեսպանը։ Ավելին, նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրել էր երկրի Անվտանգության խորհրդի նիստ և որոշել էր սուր ճոճել Իրանի առջև: Ավանդույթի համաձայն, Ալիևը սպառնացել էր Ադրբեջանի "երկաթե բռունցքով", կատարվածը որակել էր ահաբեկչություն և խոստացել պատասխան: Բացի այդ, ադրբեջանական կողմը փակել էր երկինքն Իրանի հետ սահմանին և դադարեցրել Իրանի հետ սահմանային անցակետի գործողությունը: Հետաքրքրական է, որ այս բոլոր գործողությունները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Իրանն արդեն երկրի ԱԳՆ և Գլխավոր շտաբի մակարդակով հերքել էր իր մասնակցությունը Նախիջևանի օդանավակայանին հարվածին։ Ընդ որում, անկախ փորձագետները հակված են կարծելու, որ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում Իրանի դեմ հակամարտությունում հնարավոր ներգրավման համար՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:



