
Արմինֆո. Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտության մոդելը, որն առաջարկել Է Թեհրանը, կարող է աստիճանաբար խարխլել ԱՄՆ-ի գերիշխանությունը՝ միաժամանակ նպաստելով համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ Չինաստանի ազդեցության ընդլայնմանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Չնայած Վաշինգտոնի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության։ Այդկերպ շարունակվելու դեպքում շուտով կարող է փոխվել նաև հակամարտության դինամիկան և պատերազմի վարման պայմանները:
Ավանդաբար ԱՄՆ ռազմավարությունը հենված է եղել կարճ ժամանակում հիմնական արդյունքների հասնելու նպատակով պլանավորված արագ և լոկալ գործողությունների վրա։ Այդ մոդելը նվազագույնի է հասցնում քաղաքական և ֆինանսական ծախսերը, և խուսափում է ռազմական գործողություններում երկարատև ներգրավվումից։
Սակայն Իրանն ընտրել է հակառակ մարտավարությունը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հակառակորդի ռեսուրսների «մաշեցման» և լարվածության աշխարհագրության ընդլայնման վրա՝ ներառելով կարևոր էներգետիկ ճանապարհի (Հորմուզ) դեմ ուղղված սպառնալիքը։
Նավթի և գազի ծովային մատակարարումների շուրջ ստեղծված իրավիճակը հատկապես նշանակալից է համաշխարհային էներգետիկ քաղաքականության համատեքստում: Իրանը ցուցադրում է իր պատրաստակամությունը՝ նավագնացության հոսքերի նկատմամբ վերահսկողությունն օգտագործելու որպես միջազգային շուկաների վրա ճնշման գործիք:
Միևնույն ժամանակ, Թեհրանը ազդանշան է տալիս՝ էներգիայի դիմաց յուանով վճարումներին անցնելու մասին, ինչն անուղղակիորեն ամրապնդում է Չինաստանի դիրքերը:
Պեկինի համար այս դինամիկան բացում է լրացուցիչ աշխարհաքաղաքական հնարավորություններ: Չինաստանը շահագրգռված է էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության թուլացմամբ և հումքի վճարման այլընտրանքային համակարգի մշակմամբ:
Պարսից ծոցում աճող անկայունությունը մեծացնում է նաև Եվրոպայի կախվածությունը լոգիստիկ ու ֆինանսական համակարգերից, որոնց զարգացման գործում Չինաստանը ձգտում է ունենալ կարևոր դեր:
Երևում է, որ Թեհրանի ռազմավարությունը հենված չէ միայն ռազմական գործիքակազմի վրա։ Հաշվարկվում են նաև արևմտյան երկրներում տնտեսական դժվարությունների աստիճանական աճի հավանականությունը։ Էներգիակիրների գների բարձրացումը կարող է մեծացնել ճնշումը եվրոպական տնտեսություններում՝ արևմտյան քաղաքական համակարգերում ստեղծելով լարվածություն։ Միևնույն ժամանակ, Իրանը, կարծես թե Պարսից ծոցի արաբական երկրների դիրքորոշման փոփոխության հույսեր ունի։
Հակամարտության ներկայիս կոնֆիգուրացիան ցույց է տալիս, որ հակամարտությունը ռազմական տրամաբանությունից անցում է կատարում դեպի ավելի բարդ, աշխարհաքաղաքական գործընթացի: Իրանը ձգտում է դիմակայությունը վերածել երկարատև պայքարի, որի դեպքում էներգակիրները, ֆինանսական մեխանիզմները և տարածաշրջանային դաշինքները դառնում են հիմնական գործիքներ:
Ընդհանուր առմամբ, Թեհրանի կողմից նախանշվող երկարատև հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խաթարել նաև ԱՄՆ գերիշխանությունը՝ միաժամանակ փորձելով ընդլայնելով Չինաստանի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ:
Հ.Գ. Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեբթի՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված կարող է հետաձգվել նախագահ Դոնալդ Թրամփի՝ մարտի 31-ին նախատեսված այցը Չինաստան: Կարելի է պնդել, որ Չինաստան-ԱՄՆ «առևտրային պատերազմը» շարունակվում է՝ այս փուլում հատկապես նաև Իրանի հաշվին», - գրել է ՀՀԿ վարչության անդամը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդն Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին: