


Արմինֆո.Բուխարեստի Կիբերդիվանագիտության միջազգային 5-րդ համաժողովի շրջանակներում, Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը մասնակցել է «Գիտական դիվանագիտություն, հետազոտություններ և միջազգային համագործակցություն՝ երկակի նշանակության տեխնոլոգիաների ոլորտում» խորագրով պանելային քննարկմանը։
Ռումինիայում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն, քննարկման կենտրոնում է եղել գիտական և նորարարական ոլորտում դիվանագիտությունը, երկակի նշանակության տեխնոլոգիաների փոխանակման գործում միջազգային համագործակցությունը և ազգային անվտանգային շահերի վրա դրանց ազդեցությունը։
Պանելային քննարկմանը որպես բանախոս մասնակցել են նաև Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Կլարա Վուլինտիրուն, Ռումինիայում Իսրայելի, Հունաստանի, Մարոկկոյի դեսպանները, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ և փորձագետներ։
Դեսպան Գալստյանն իր խոսքում անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում ՀՀ միջազգային գործընկերությանը և ձեռքբերումներին, կարևորել է դիվանագիտության առանցքային դերը գործընկեր երկրների միջև անհրաժեշտ փոխվստահության և տեխնոլոգիաների փոխանակման գործում:



