


Արմինֆո.Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է, սակայն դրա հրապարակման ժամկետների մասին առայժմ նորություն չկա։ Այդ մասին մարտի 16-ին ՀՀ արդարադատության նախարարին առընթեր հանրային խորհրդի առաջին նիստում հաղորդել է գերատեսչության ղեկավար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ակտիվորեն աշխատում է երկրի հիմնական օրենքի նախագծի վրա։ Փաստաթուղթը պետք է քննարկվի ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության և կուսակցության վարչության նիստերում, որից հետո էլ որոշում կկայացվի ՀՀ սահմանադրության նախագծի տեքստը համաժողովրդական քննարկման դնելու մասին: Փաստաթղթի հիմնական գաղափարը մարդն է, քաղաքացին և ժողովուրդը, և կառավարման նշված կարգից որևէ շեղում չի լինի: Ժողովրդավարության լավագույն դրսևորումը պառլամենտարիզմն է։ Այնուամենայնիվ, ինչպես շարունակել է Գալյանը, փաստաթղթի տեքստում ներկայացված են իշխանության ապակենտրոնացմանը վերաբերող դրույթներ, որոնք կլինեն հավասարակշռված։ Օրինակ ՝ վարչապետի գործունեության վերահսկողական գործառույթները կփոխանցվեն Ազգային ժողովին։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող դրույթներին, ապա քաղաքացիների սոցիալական բոլոր իրավունքները հավասարեցվելու են հիմնական իրավունքներին: Իսկ դա նշանակում է, որ պետությունն ստանձնելու է այդ իրավունքների պահպանման պատասխանատվությունը, այդ թվում՝ նաեւ բժշկական օգնություն ստանալու իրավունքը։
Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա, ինչպես նշել է նախարարը, կնախատեսվի երդվյալ ատենակալների ինստիտուտ ստեղծելու հնարավորություն։ Որպես սկզբունք նախատեսվում է նաև գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորություն, դրանց գրավոր քննության, Գերագույն դատարանի որոշումների բողոքարկման հնարավորություն, ինչն այսօր գոյություն չունի:



