


Արմինֆո.Կենտրոն վարչական շրջանի Գոհար Գասպարյան փողոցի բնակիչները դժգոհում են քաղաքային իշխանությունների անգործությունից: Վեց տարի շարունակ փողոցն անմխիթար վիճակում է և վերանորոգման կարիք ունի։ Բնակիչները համապատասխան խնդրանքով մի քանի տարի շարունակ դիմում են քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանը մերժում է, պատճառաբանելով, որ համայնքային բյուջեում տվյալ փողոցի ճանապարհի վերանորոգման համար միջոցներ նախատեսված չեն:
Վերջին երեք տարիներին բնակիչները սեփական ուժերով մի քանի անգամ վերանորոգել են ճանապարհը, սակայն, նրանց ասելով, լիարժեք վերանորոգման համար պահանջվում է ծանր տեխնիկայի կիրառում: Բացի այդ, ինչպես նշում են բնակիչները, քաղաքային իշխանությունները փողոցը չեն ապահովել փողոցային լուսավորությամբ, և այդ խնդիրը նույնպես ստիպված են եղել ինքնուրույն լուծել:
Վերջին անգամ նրանք քաղաքապետարան են դիմել նախորդ տարվա վերջին, սակայն կրկին մերժում են ստացել։
"Կենտրոն վարչական շրջանում մեր փողոցը գտնվում է անմխիթար վիճակում", - նշել են Գոհար Գասպարյան փողոցի բնակիչները:



