
Արմինֆո.Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ֆոնին Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է էլ ավելի սրել առճակատումը տարածաշրջանում: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր եւ հետխորհրդային Արեւելքի բաժնի վարիչ, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը՝ «Թուրքիան եւ մերձավորարեւելյան ճգնաժամը» թեմայով Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ:
Ինչպես նշել է փորձագետը, նավթից վաստակելու հնարավորության բացակայությունն արդեն հիմա հանգեցնում է այն բանին, որ մի շարք երկրներ հայտարարել են իրենց տարածքում դրա արդյունահանման կրճատման մասին: "Այստեղ միայն Չինաստանն ունի նավթի բավարար պաշարներ, Ռուսաստանն էլ այդ առումով խնդիրներ չունի ։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա նա ունի պաշարներ, սակայն բախվում է որոշակի դժվարությունների, որոնք կապված են, օրինակ, փոխադրման հետ", - պարզաբանել է փորձագետը։
Մինչդեռ, Ավատկովի կարծիքով, աշխարհի մնացած բոլոր երկրները կտուժեն ստեղծված իրավիճակից, այդ թվում՝ Եվրոպան։ Ինչպես նշել է փորձագետը, այդ ճգնաժամն անդրադառնում է նաեւ Եվրոպայի անվտանգությանը, ինչը Հունգարիայի ղեկավարությանը ստիպել է դիմել Մոսկվային ՝ ռուսական էներգառեսուրսների մատակարարումների կայունությունը հաստատելու խնդրանքով:
"Ակնհայտ է, որ համաշխարհային տնտեսությունն այժմ "տենդագին" է լինելու։ Դա կանխատեսելի է և կնպաստի արմատական փոփոխությունների ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական համակարգում", - կարծում է թուրքագետը։
Հենց այդ պատճառով, ինչպես նշել է Ավատկովը, արդեն հիմա փորձ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները՝ նեղուցով նավարկությունը վերականգնելու համար ։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դա արվում է ոչ միայն նավթի, այլեւ պարենի մատակարարումները վերականգնելու համար։ "Երկրներն արդեն հիմա անհանգստանում են, թե ինչպես են շարունակելու ապրել։ Սակայն թե որքանով դա հետաքրքիր կլինի Վաշինգտոնին՝ առանձին հարց է։ Պետք է նշել, որ ամերիկացիները երբեք չեն հոգացել իրենց դաշնակիցների մասին, և այստեղ նոր բան սպասել պետք չէ", - եզրափակել է Ավատկովը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը, և ցանկացած նավ, որը փորձում է անցնել այդ նեղուցով, հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով խոցվելու վտանգի տակ է: Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և առանցքային է նավթի տարանցման համար: Նավթի և գազի համաշխարհային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդը անցնում է այդ նեղուցով