
Արմինֆո.Իրանի հետ պատերազմն ԱՄՆ-ին անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում սահմանները վերաձևելու համար՝ առևտրային հոսքերը վերակողմնորոշելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր եւ հետխորհրդային Արեւելքի բաժնի վարիչ, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը՝ «Թուրքիան եւ մերձավորարեւելյան ճգնաժամը» թեմայով Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ:
Փորձագետի կարծիքով՝ իրավիճակը տարածաշրջանում ի ցույց է դնում արմատական ճգնաժամը, որը ստեղծվել է միջազգային հարաբերությունների համակարգում ։ "Այժմ ձևավորվում է միջազգային հարաբերությունների նոր համակարգ, և այդ գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ հակամարտություններով։ ԱՄՆ-ին պետք են նոր սահմաններ Մերձավոր Արևելքում, ինչը թույլ կտա նրան վերակողմնորոշել առևտրային հոսքերը ։ Մասնավորապես, Նահանգները ձգտում է խաթարել այդ տարածաշրջանով անցնող "Հյուսիս-Հարավ" և "Արևմուտք-Արևելք" ՄՏՄ հաղորդակցությունները։ Դա շոշափում է ոչ միայն Ռուսաստանի եւ տարածաշրջանային այլ խաղացողների շահերը, այլեւ՝ Չինաստանի շահերը, որն իրականացնում է "Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ" նախագիծը», - պարզաբանել է փորձագետը։
Այս ամենը, Ավատկովի խոսքով, արվում է ի նպաստ ամերիկյան շահերի, քանի որ հաջողության դեպքում Չինաստանը ստիպված կլինի Եվրոպայի հետ առեւտուր անել ԱՄՆ-ի միջոցով, ինչը ամերիկացիներին թույլ կտա չինական ապրանքներ վաճառել հավելավճարով: Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Միացյալ Նահանգներին ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, քանի որ երկրի ռազմական ռեսուրսները սպառվում են: Նրա խոսքով ՝ առկա իրողություններում Վաշինգտոնը երկու ճանապարհ ունի․ կամ՝ ընդլայնել հակամարտությունը, կամ՝ կասեցնել այն։ Առաջին սցենարն իրագործելու համար, ըստ թուրքագետի, ԱՄՆ-ը պետք է հակամարտության մեջ ներքաշի Թուրքիային։
"Թուրքիայի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, և կարելի է սպասել նոր սադրանքների։ Իսրայելի կողմից համանման ճնշում կգործադրվի Ադրբեջանի նկատմամբ։ Օրինակ, կարող է նորից ստեղծվել մի իրավիճակ, երբ Թուրքիայի տարածք կթռչի մեկ բալիստիկ հրթիռ, հետո՝ երկրորդը, և այն, իհարկե, կխոցվի ամերիկյան համակարգերի շնորհիվ։ Այսպիսով, ստեղծվում է մի հանգամանք, երբ ԱՄՆ-ն օգնում է Թուրքիային եւ նրանից պատասխան գործողություններ է պահանջում", - պարզաբանել է փորձագետը։
Մինչդեռ, Ավատկովի խոսքով, Թուրքիայի ներգրավվածությունն Իրանի համար անբարենպաստ է, քանի որ երկիրն ունի զարգացած զինված ուժեր: Փորձագետը նշել է, որ դա կարող է հանգեցնել հակամարտության լուրջ էսկալացիայի, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Պակիստանի հետ Թուրքիայի առկա պայմանավորվածությունները: "Կարևոր է նաև հիշել, որ Իրանի հյուսիսում ադրբեջանցիներ են բնակվում, ուստի Թուրքիայի ներգրավումն այդ առճակատման մեջ անընդունելի Է Իրանի համար, սակայն ընդունելի է Լոնդոնի և ԱՄՆ-ի համար ։ Այդ պատճառով այժմ ջանքեր են գործադրվում այդ գործոնը բորբոքելու համար, չէ որ հենց այդ ժամանակ հակամարտությունը կունենա Հարավային Կովկասի տարածք տարածվելու հեռանկար", - եզրափակել է փորձագետը ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդն Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին: