
Արմինֆո.ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը կքվեարկի կառավարող կուսակցության օգտին։ Նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին ճեպազրույցում, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի քաղաքական ուժերից մեկը մայիսի վերջին-հունիսի սկզբին մեծ թվով ավտոբուսներ է գրանցել ընտրություններին մասնակցելու նպատակով ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման համար: "Ես այդ հարցում ոչ մի կասկած չունեմ", - ընդգծել է վարչապետը։ Նա նաև նշել է, որ նման երևույթներին, առաջին հերթին, պետք է իրավական գնահատական տրվի։
Նշենք, որ 2026 թվականի մարտի 10-ին Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն էր տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և առաջիկա ընտրություններին միջամտելու մասին ։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված հանցագործության մասին հաղորդման համաձայն ՝ օպերատիվ-հետախուզական լիազորությունների իրականացման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող որոշ կուսակցությունների ղեկավարներ, պաշտոնատար անձինք խոչընդոտում են ֆիզիկական անձանց կողմից իրենց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Նրանք գործում են այլ երկրի հատուկ ծառայությունների անունից ՝ ներգրավելով տարբեր սուբյեկտների, այդ թվում ՝ այլ երկրի խոշոր գործարարների, հայ համայնքի առաջնորդների, քրեական մարմինների ներկայացուցիչների ՝ ճնշում գործադրելով այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող հայազգի անձանց և ՀՀ քաղաքացիների վրա, վերջիններիս դրդելով իրականացնել գործողություններ ՝ Ի աջակցություն Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ուժերի ։ Փոխարենը՝ տարբեր պատրվակներով նրանք առաջարկում են կազմակերպել այլ երկրից ՀՀ տեղափոխվելու գործընթացը, փոխհատուցել տրանսպորտային ծախսերը և հոգալ ՀՀ-ում իրենց գտնվելու ծախսերը ՝ այդ կերպ օգտագործելով նյութական կամ այլ կախվածությունը ՝ ֆիզիկական անձանց ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրություններին կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անձին ցանկացած եղանակով հանրաքվեին կամ ընտրությանը քվեարկելուն հարկադրելը):
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026թ.հունիսի 7-ին