


Արմինֆո. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է խարդախության նոր տեսակի մասին, որն արդեն լայն տարածում է գտել Հայաստանում: Նման գրոհների հիմնական թիրախ են դառնում ավագ սերնդի մարդիկ։
Ինչպես նշել է Մարտիրոսյանը, խաբեբաները զանգահարում են հեռախոսով, այդ թվում ՝ WhatsApp մեսենջերի միջոցով, և ներկայանում են որպես կապի օպերատորներ։ Նրանք զրույցի են բռնվում, հաղորդում են, որ, իբր, անհրաժեշտ է միացնել կամ կարգավորել 5G ցանցը, որից հետո խնդրում են միացնել էկրանի համօգտագործումը: Այնուհետև չարամիտները ուղարկում են ֆայլ, որը, ըստ նրանց, պետք է տեղադրվի հեռախոսի վրա:
Նման ֆայլը տեղադրելուց հետո խաբեբաները հեռակա հասանելիություն են ստանում սարքին՝ բոլոր հավելվածներին, ներառյալ բանկայինները։
Մեդիափորձագետը զգուշացնում է․ եթե դուք կամ ձեր մերձավորները նման հարձակման զոհ եք դարձել, անհրաժեշտ է անհապաղ դիմել բանկ և արգելափակել բանկային հավելվածներն ու հաշիվները: Խորհուրդ է տրվում նաև իրականացնել հեռախոսի լիակատար մաքրում (factory reset), նախապես պահպանելով կարևոր տվյալները, քանի որ այս գործողության արդյունքում հեռացվում են լուսանկարներն ու տեսանյութերը, հավելվածները, օգտահաշիվները (Google, Apple ID և այլն), կոնտակտները (եթե դրանք սինխոնիզացված չեն), հաղորդագրությունները և կարգավորումները:



