
Արմինֆո."Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ, ուր հաանձնել են հայտարարություն՝ արբանյակային լուսանկարներով և կոորդինատներով, որոնք հաստատում են, որ Ադրբեջանն առաջ է քաշել իր դիրքերը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաղաքական ուժի ներկայացուցիչները լրագրողներին հաղորդել են, որ հանձնված հայտարարության մեջ իրենք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պահանջում են կամ հերքել այդ տեղեկատվությունը, կամ բացատրել, թե ինչու են երկրի իշխանությունները լռում և հանրությանը չեն տեղեկացնում տեղի ունեցածի մասին:
Ակցիայի ընթացքում "Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը ցուցադրել է արբանյակային լուսանկարներ, որոնց համաձայն, 2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Վարդենիսի տարածքում Ադրբեջանի դիրքեր դեռևս չկային, մինչդեռ, դրանից հետո սկսվել էր ամրաշինական կառույցների շինարարություն, ինչի արդյունքում Սոթքի ոսկու հանքավայրը, Վարդենիսի գյուղերն ու միջպետական ճանապարհը հայտնվել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Պարոնյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից կառուցվող շինությունները պլացդարմներ են Հայաստանի վրա հետագա հարձակումների համար:
"Այս լուսանկարներն ապացուցում են, որ Ադրբեջանն աստիճանաբար ներխուժում է մեր երկիր, զավթելով Հայաստանի տարածքները, մինչդեռ, գործող իշխանությունները կրկին խաբում են իրենց ժողովրդին: Այս խնդիրները չեն կարող լուծվել սահմանազատման և սահմանագծման շրջանակներում, քանի որ դա սահմանի հարց չէ, այլ՝ ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։ Մեր քաղաքական նախաձեռնությունը համառորեն պահանջելու է պատասխանել այն հարցին, թե ինչու հանրությունը կրկին տեղեկացված չէ ադրբեջանցիների նոր ներխուժումների մասին։ Մենք Պապիկյանին կտրամադրենք կոորդինատներ և անհերքելի փաստեր։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի ՊՆ-ում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր այս ռեժիմի պատանդներն են։ Սա քաղաքական հարց է և կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատասխանատվության հարց", - լրագրողներին հայտարարել է քաղաքական նախաձեռնության անդամը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել 2025 թվականի օգոստոսին, այսինքն, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո։ Այդ առնչությամբ Պարոնյանը հայտարարել է, որ դա ոչ այլ ինչ է, քան՝ Հայաստանի իշխանությունների հերթական զիջումներ։ Քաղաքական նախաձեռնության անդամը Հայաստանի առջև ծառացած բոլոր խնդիրների միակ լուծումը համարում է գործող վարչախմբի հեռացումն իշխանությունից: Նրա համոզմամբ՝ ներկայիս ղեկավարության օրոք երկիրն ականատես կլինի "սողացող" օկուպացման, երբ Հայաստանի իշխանությունները կտոր-կտոր կտան հայկական տարածքները։
"Ավելին, գերիշխող դիրք գրավելով Հայաստանի տարածքում, Ադրբեջանը կարող է վերահսկել այդ ողջ մարզը՝ միջպետական ճանապարհները, արոտավայրերն ու գյուղերը ։ Դա անվտանգության լուրջ խնդիրներ է ստեղծում այդ տարածքներում ապրող մարդկանց համար", - հայտարարել է նա։ Քաղաքական նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Վարդան Փաշայանը, իր հերթին, նշել է, թե իրենք վստահ են, որ իշխանությունները տեղյակ են ադրբեջանական դիրքերի առաջխաղացման մասին: Նա պարզաբանել է, որ իրենց նպատակը ոչ այնքան ՀՀ պաշտպանության նախարարությանը տեղեկացնելն է, որքան՝ տեղի ունեցածի մասին լայն հանրությանը տեղեկացնելը:
"Մենք մտադիր ենք ցույց տալ, որ հաստատված խաղաղության մասին անընդհատ առաջ մղվող հռետորաբանությունը սուտ է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը շարունակելու է առաջ շարժվել դեպի Հայաստանի տարածքի խորքը, քանի դեռ չի հայտնվել Երևանում։ Ահա թե ինչու է արվում այս ամենը", - եզրափակել է Փաշայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հաղորդել էր, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում արձանագրվել է Ադրբեջանի նոր ներխուժում, որի մասին Հայաստանի իշխանությունները չեն տեղեկացրել հանրությանը: Մասնավորապես, նա հաղորդել է, որ ըստ առկա տեղեկությունների, Վարդենիսում նրանք տեղակայել են մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր, ինչպես նաև հրաձգային, ականանետային և այլ խոշոր տրամաչափի զենքերի համար նախատեսված կետեր, ստեղծվել են հաղորդակցություններ, ուղիղ նշանառության տակ է հայտնվել Վարդենիս համայնքի Սոթքի ոսկու հանքավայրը, տեղադրվել են արևային մարտկոցներ, կառուցվել են օպերատիվ-մարտավարական և ռազմավարական ճանապարհներ, ապաստարաններ, որոնցով հնարավոր է ներթափանցել Հայաստանի տարածքի խորքը: Ըստ Թաթոյանի՝ համանման պատկեր է դիտվում նաև Ջերմուկում, որտեղ կառուցված են ականանետերի համար նախատեսված դիրքեր: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից սուտ էր որակել Թաթոյանի այդ պնդումները: