


Արմինֆո.Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նոր գերագույն առաջնորդ ընտրելով այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն, Իրանը ցույց տվեց, որ, նույնիսկ, այնպիսի հզոր գերտերությունը, ինչպիսին ԱՄՆ-ն է, չի կարող ԻԻՀ-ին պարտադրել իր համար հարմար Իրանի առաջնորդ: Նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ Telegram-ի իր ալիքում։
«Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։
Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։
Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։
Եվ ի վերջո՝ այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն», - գրել է իրամագետը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 8-ին Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն:



