


Արմինֆո.Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշում է կայացրել հրթիռներով և ԱԹՍ-ներով չհարվածել հարևան երկրներին, բացառությամբ՝ նրանց կողմից հարձակման դեպքում: Այդ մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը։ Նա նաև արձագանքել է մի շարք երկրների միջնորդության փորձերին։
Նա ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք նույնպես հարձակման են ենթարկվել, և հավաստիացրել, որ Թեհրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա:
«Ոմանք մտածում են օգտվել իրավիճակից և հարձակվել մեր հողի վրա: Իմպերիալիզմի ձեռքում խաղալիք մի դարձեք։ Հնարավոր է՝ մենք տարաձայնություններ ունենք, բայց Իսրայելին և ագրեսոր ԱՄՆ-ին աջակցությունը շատ վատ երևույթ է», - ասել է նա։
X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ Փեզեշքիանը նաեւ արձագանքել է տարածաշրջանային զարգացումների ֆոնին որոշ երկրների կողմից միջնորդության վերջին փորձերին:
«Որոշ երկրներ սկսել են միջնորդության փորձեր ձեռնարկել: Մեր պատասխանը նրանց պարզ է. մենք հանձնառու ենք տարածաշրջանում կայուն խաղաղության, բայց մեր երկրի պատիվն ու հեղինակությունը պաշտպանելու հարցում ոչ մի կասկած կամ երկմտանք չունենք: Միջնորդության ջանքերի պատշաճ ստացողներն նրանք են, ովքեր, թերագնահատելով Իրանի ժողովրդին, հրկիզում են տարածաշրջանը», - գրել է նա։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանն այսուհետեւ եւս ուժով և վճռականությամբ կպաշտպանի սեփական ազգային հեղինակությունը:



