
Արմինֆո.Հայաստանի գործող իշխանություններն արդեն ամենաբարձր մակարդակով փորձում են կյանքի կոչել, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջան" նախագիծը։ Այդ մասին մարտի 6-ին Երեւանում "Երաշխավորված խաղաղություն, թե "Արեւմտյան Ադրբեջան" քննարկումների ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, հավելելով, որ այդ փաստը հաստատող տեղեկություններ արդեն կան։
Մասնավորապես, նա հաղորդել է, որ իր ունեցած տեղեկություններով, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Պատմության ինստիտուտի նոր տնօրեն է նշանակվել, ով ինստիտուտի գիտական կազմի հետ օրակարգում քննարկում է այն հարցը, որ Հայաստանի նոր քարտեզում պետք է նշվեն մինչև 1991թ. օգտագործված ադրբեջաներեն տեղանունները:
"Հաղորդվում է նաև, որ այդ պատվերը ստացվել է ՀՀ կադաստրի կոմիտեից, ավելին, ակադեմիայի գիտական հանրության հավաստմամբ, նորանշանակ տնօրենը փորձում է գործընկերներին հակել դրա իրագործմանը՝ դրամական պարգևների հաշվին", - հավելել է փորձագետը:
Նահապետյանի տեղեկություններով՝ այդ քարտեզի հիման վրա կկազմվի տեղեկագիր, որտեղ, օրինակ, նշված կլինի, թե որ մարզերում են բնակվել ադրբեջանցիները 1988-1991 թվականներին: Այսպիսով, ըստ ռազմական փորձագետի, պետական մակարդակով արդեն քայլեր են ձեռնարկվում՝ ստեղծելու պայմաններ, որոնք թույլ կտան կատարել Ադրբեջանի հերթական պահանջը և 300 000 ադրբեջանցիների վերաբնակեցնել Հայաստանում:
Խոսելով այն մասին, թե արդյոք հնարավոր է դա իրականացնել, Նահապետյանն ուշադրություն է հրավիրել անյ հանգամանքին, որ նման փորձ գոյություն ունի, օրինակ, Իսրայելի պատմության մեջ (Գոլանի բարձունքներ՝ 1981 թվականին Իսրայելին բռնակցված տարածք - խմբ.): Նրա կարծիքով, Հայաստանին այսօր պարտադրվում է համանման սցենար, ըստ որի, հարցը ոչ թե երկրին քաղաքական կողմնորոշումից զրկելն է, տնտեսական զարգացումը, դաշնակիցների ընտրությունը, այլ այն, թե արդյոք հայերը կապրեն Հայաստանում, թե՝ ոչ:
«Եվ եթե ինչ-որ մեկին դա դեռ թվում է անիրական սցենար, ապա ես ձեզ հավաստիացնում եմ․ դա կդառնա մեր իրականությունը, եթե հայկական կողմից ոչ մի հակազդեցություն չլինի", - եզրափակել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարում է ադրբեջանցիների՝ "իրենց պատմական հողեր վերադառնալու" իրավունքի մասին։ Հավելենք, որ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում բնակվում էր 84,860 ադրբեջանցի։ Ընդ որում, այն բանից հետո, երբ ադրբեջանցիները լքեցին Հայաստանը, Հայաստանի իշխանությունները փոխհատուցում են վճարել նրանց թողած գույքի դիմաց։ Ուստի անհասկանալի է, թե որտեղից են Ադրբեջանի իշխանությունները վերցրել 300 հազար մարդու թիվը։