


Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Մարտի 5-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ իրանական 4 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Նախիջևանը: Այդ առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Իրանի դեսպանը։ Ավելին, նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրել էր երկրի Անվտանգության խորհրդի նիստ և որոշել էր սուր ճոճել Իրանի առջև: Ավանդույթի համաձայն, Ալիևը սպառնացել էր Ադրբեջանի "երկաթե բռունցքով", կատարվածը որակել էր ահաբեկչություն և խոստացել պատասխան: Բացի այդ, ադրբեջանական կողմը փակել էր երկինքն Իրանի հետ սահմանին և դադարեցրել Իրանի հետ սահմանային անցակետի գործողությունը: Հետաքրքրական է, որ այս բոլոր գործողությունները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Իրանն արդեն երկրի ԱԳՆ և Գլխավոր շտաբի մակարդակով հերքել էր իր մասնակցությունը Նախիջևանի օդանավակայանին հարվածին։ Ընդ որում, անկախ փորձագետները հակված են կարծելու, որ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում Իրանի դեմ հակամարտությունում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր ներգրավման համար:



