
Արմինֆո. Ռուսաստանը կարող է վաղաժամկետ դադարեցնել Եվրամիության շուկաներ գազի մատակարարումները և վերակողմնորոշվել ավելի շահավետ գնորդների վրա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը նախատեսում է մեկ ամսից սահմանափակումներ մտցնել ռուսական գազի, այդ թվում՝ հեղուկ գազի գնման նկատմամբ, իսկ 2027 թվականին՝ էլ ավելի սահմանափակել մատակարարումները՝ ընդհուպ դրանց լիակատար արգելք։
«Գուցե՞ մեզ համար ավելի ձեռնտու կլիներ հենց հիմա դադարեցնել եվրոպական շուկա մատակարարումները։ Բացվող շուկաներ մուտք գործել և այնտե՞ղ ամրապնդվել», - հարցրել է Ռուսաստանի նախագահը։
Նա նշել է, որ նման քայլը որևէ քաղաքական աստառ չի ունենա։ «Եթե նրանք մեկ կամ երկու ամսից մեզ փակելու են, միթե՞ ավելի լավ չէ հիմա կանգ առնել և գնալ այն երկրներ, որոնք հուսալի գործընկերներ են։ Եվ ամրապնդել մեր դիրքերը այնտեղ», - ասել է Պուտինը, հավելելով, որ սա վերջնական որոշում չէ, նրա ասելով՝ «պարզապես, բարձրաձայն մտորումներ»։
«Կառավարությունը դեռ պետք է մշակի այս հարցը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, ամեն դեպքում, կշարունակի էներգառեսուրսներ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի կոնտրագենտ են՝ ինչպես Հունգարիան և Սլովակիան», - հայտարարել է Պուտինը։
Նրա ասելով՝ եվրոպական շուկայում էներգակիրների գների վերջին աճը ուղղակիորեն կապված չէ մատակարարման սահմանափակումների հետ, քանի որ հիմնական մատակարարները (Ալժիր, ԱՄՆ, Նորվեգիա և Ռուսաստան) չեն կրճատել իրենց ծավալները։ «Պատճառը, նախագահի կարծիքով, թաքնված է տարիներշաարունակ ԵՄ իշխանությունների սխալ քաղաքականությունում, ինչպես նաև համաշխարհային շուկաներում ընդհանուր իրավիճակում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների և Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Հայտնվել են շահավետ գնորդներ, որոնք պատրաստ են ավելի շատ վճարել, և մատակարարները գնում են այնտեղ, որտեղ գինն ավելի բարձր է։ Սա, պարզապես, բիզնես է, եւ վերջ», - եզրափակել է Ռուսաստանի առաջնորդը։
Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ հարձակումներից, Թեհրանի պատասխան հարվածներից և աշխարհաքաղաքական ռիսկի բարձրացումից հետո նավթի և գազի գները արագորեն բարձրացել են։
Համաշխարհային շուկաներում սահմանափակ իրացվելիության պայմաններում Brent ապրանքանիշի նավթի գինը մարտի 2-ին ասիական նստաշրջանի ժամանակ կտրուկ աճել է մինչև 80,80 դոլար մեկ բարելի դիմաց, որն առավելագույնն է գրեթե 15 ամսվա ընթացքում։ WTI-ի գինը կազմել է 73,71 դոլար մեկ բարելի դիմաց։
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալների և շուկայի կանխատեսումների համաձայն, հակամարտության և ֆիզիկական առաջարկի խափանումների շարունակման դեպքում ռազմավարական պաշարները կկարողանան միայն սահմանափակ փոխհատուցել համաշխարհային դեֆիցիտը, իսկ նավթի գները կարող են հասնել 85-150 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Ռազմավարական կարեւորություն ունեցող Հորմուզի նեղուցով տանկերների անցման կտրուկ կրճատումը, որով իրականացվում է հեղուկ եւ բնական գազի համաշխարհային շրջանառության մոտ 20%-ը, մեծացնում է խափանումների ռիսկը և ճնշում է գործադրում գազի գների վրա, մասնավորապես, Եվրոպայում։ Եվրոպայում, հոլանդական ամենամեծ TTF վիրտուալ առևտրային հարթակում ապրիլյան պայմանագրերը փակվել են փետրվարի 27-ին՝ մեկ մեգավատ-ժամի դիմաց 31,95 եվրոյի մակարդակում։ Աշխարհաքաղաքական իրավիճակի սրման ֆոնին մարտի 2-ին գինը բարձրացել է 38,4%-ով՝ մինչեւ 44,5 եվրոյի: Իսկ արդեն մարտի 3-ին գազի արժեքը հասել էր 53,35 եվրոյի՝ մեկ մեգավատ-ժամի դիմաց՝ ավելանալով 19.9%-ով: