
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ տարածաշրջանի երկրները կօգտվեն պատմական հնարավորությունից "տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը հաղթահարելու համար": Այդ մասին նա հայտարարել է մարտի 4-ին Թբիլիսիում իր պաշտոնակից Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը, մասնավորաապես, ասել է․
«Նախ` ես ուզում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաև Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար: Այդ աջակցությունը շարունակվում է, մենք տեսնում ենք: Դուք գիտեք, որ այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ: Սա շատ բարձր գնահատանքի է արժանանում մեր կողմից:
Իհարկե, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա: Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը: Մենք ուրախ ենք տեսնել, որ այցելությունները Հայաստանից Վրաստան աճում են: Միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելություններն աճում են: Սա շատ կարևոր արտահայտությունն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության: Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում: Մեր նախարարներն այսօր հնարավորություն ունեցան կիսելու նաև նախորդող շրջանի փորձառությունը։
Շատ ուրախ եմ արձանագրել, որ արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը և Վրաստանը ակտիվ համագործակցում են։ Մենք շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը: Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել խաղաղությունը և կառուցում խաղաղությունը: Կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է: Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա: Այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։
Իհարկե, ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի` միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում Թրիփփ ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ:
Մենք, կարծում եմ, փոխադարձաբար հետաքրքրություն ունենք Հայաստան և Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ: Էլի ուզում եմ ընդգծել, նախկինում էլ առիթ ունեցել եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը: Եվ այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։
Իհարկե, քաղաքական երկխոսությունը և տնտեսական համագործակցությունը եղել է, կա և մնում է շատ ակտիվ: Մենք խնդիր ունենք տեսնելու, թե որտեղ կարող ենք համագործակցել՝ մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար:
Իհարկե, նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաև մեր ընկերներին տեսնելը, տեսնվելը, նրանց որպիսությունը հարցնելը և իհարկե նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը:
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի, ջերմ ընդունելության և հնարավորության համար: Ամեն անգամ, այս հանդիպումներից հետո, առաջին բանը, որ մենք մտածում ենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում առավել ակտիվացել և արդյունավետ է դարձել: Ես նման պատրաստակամության և աջակցության համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոբախիձեին և իհարկե, այս ջերմ եղբայրական ընդունելության համար»: