
Արմինֆո.Իրանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պետք է դաս լինեն Հայաստանի համար, բայց դրանք նաև լավ հնարավորություններ են բացում երկրի առջու։ Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հանրապետության համար դաս պետք է լինի այն, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են հայկական պետության անվտանգության երաշխավորներ։ Իրանը, ունենալով վիթխարի քանակությամբ գործարքներ Արևմուտքի հետ, բայց չունենալով անվտանգության երաշխիքներ, այսօր դեմ առ դեմ բախվել է գերտերությունների և տարածաշրջանային երկրների հետ։ «Խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե պայմանավորվածություններից զատ լինեն լրացուցիչ անվտանգության երաշխիքներ։ Ընդ որում, պետք է լինի մեկից ավելի երաշխավոր, որպեսզի մեկ երկիրը չկարողանա Հայաստանի շահերը երկրորդական դասել՝ առաջնահերթություն տալով սեփական շահերին։ Երկու կամ ավելի երաշխավորի առկայության դեպքում հնարավորություն կա տարածաշրջանում հաստատել երկարատև և կայուն խաղաղություն», - ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա հավելել է, որ ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տնտեսական ներուժը զգալիորեն կնվազի՝ այն վերածելով հումքի արտահանող երկրի։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է դրական անդրադառնալ Հայաստանի վրա, որը հնարավորություն կունենա ներմուծել էժան հումք՝ նավթամթերքը և մետաղագործական արտադրական շղթայի համար նախատեսված հումք, ինչը Հայաստանի համար կդառնա փոխլրացնող և հետաքրքիր ուղղություն ։ «Տնտեսական տեսանկյունից Իրանը կշարունակի մնալ մեր երկրի համար հետաքրքիր հարևան, որի հետ մենք կարող ենք կառուցել փոխլրացնող դաշտ», - նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամը։ Նարեկ Կարապետյանը կանխատեսել է, որ ռազմական հակամարտության արդյունքում իրանական ռիալը կարժեզրկվի, ինչը կհանգեցնի արտահանվող ապրանքների գների անկման եւ, որպես հետևանք, կարող է դրականորեն անդրադառնալ Հայաստանում արտադրվող ապրանքների մրցունակության վրա։