
Արմինֆո.Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները 4-ամյա դասընթացի ավարտից հետո անմիջապես բնակարան կստանան։ Այդ մասին մարտի 3-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով ՝ ակադեմիայի յուրաքանչյուր շրջանավարտի բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից կուղղվի 35 մլն դրամ:
Յուրաքանչյուր շրջանավարտ կստանա հավաստագիր Երևանում կամ մարզերում անշարժ գույք ձեռք բերելու համար: Սակայն, ակադեմիայի յուրաքանչյուր կուրսանտի և ապագա սպայի առջև դրվում է մի պայման, որի համաձայն, նա պետք է անցնի 20 տարվա ծառայության ժամկետ:
Ավելին, շարունակել է Պապիկյանը, ակադեմիան գերազանցությամբ ավարտած յուրաքանչյուր սպա կկարողանա ամսական 620-750 հազար դրամ աշխատավարձ ստանալ։ "Կասեք ինձ գոնե մի մասնագիտություն, որը հնարավորություն կտար ՀՀ քաղաքացուն բուհն ավարտելուց անմիջապես հետո ստանալ այդպիսի աշխատավարձ և բնակարան", - հարց է տվել նախարարը, հավելելով, որ դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ 21-22 տարեկան երիտասարդը, ավարտելով ուսումը, ստանա միանգամից բնակարան և բարձր աշխատավարձ, ինչպես նաև բազմաթիվ այլ պետական երաշխիքներ:
Նշենք, որ այսօր Պապիկյանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ներկայացրել է "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն, նախատեսվում է փոփոխել զինծառայողների ատեստավորման որոշ պահանջներ: Մասնավորապես, "Պաշտպան հայրենյաց" ծրագրի այն մասնակիցները, ովքեր անցել են անհրաժեշտ վերապատրաստում և պաշտոններ են ստացել Զինված ուժերում, այժմ ատեստավորման ժամանակ ազատվում են քննություններից:
Բացի այդ, ռազմական ուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած սպաները ամփոփիչ գնահատականների արդյունքներով կհամարվեն ատեստավորված:
Երկու դեպքում էլ աշխատավարձի հավելավճարները կհաշվվեն անմիջապես պաշտոնում նշանակման պահից: "Պաշտպան հայրենյաց" ծրագրի շուրջ 4 հազար մասնակիցներ արդեն անցել են պայմանագրային ծառայության, և այդ գործընթացը շարունակվում է: Պայմանագրային զինծառայողների համար 5 տարի ծառայելուց հետո նոր պայմանագիր կնքելիս նախատեսվում են միանվագ պարգևավճարներ․ 2 տարվա համար՝ 1,5 մլն դրամ, 5 տարվա համար՝ 5 մլն դրամ:
Օրենսդրական փոփոխություններն ուղղված են զինծառայողների մոտիվացիայի բարձրացմանը և պրոֆեսիոնալ բանակի ձևավորման գործընթացի արագացմանը: