


Արմինֆո.Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան։ Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել․ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ; 8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ», - նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Էռնեստ Սողոմոնյանը եղել է առաջին և չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր, նա Վիկտոր Սողոմոնյանի (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար) և Միքայել Սողոմոնյանի (ՀԾԿՀ նախկին անդամ, այժմ "Տաշիր Կապիտալ" ընկերության ներկայացուցիչ) հայրն է:



