
Արմինֆո.Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան վտանգում է Հարավային Կովկասի խաղաղությունն ու անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին՝ մարտի 2-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսւ ժամանակ։
"ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը։ Եվ այդ ագրեսիայի շարունակումը անբարենպաստ պայմաններ կստեղծի այս տարածաշրջանի երկրների համար", - ասել Է դիվանագետը։
Շիրգոլամիի խոսքով՝ նրանք, ովքեր անպատասխանատու կերպով իրականացրել են այդ ագրեսիան, վտանգի տակ են դրել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: "Բարեկամ Հայաստանը և նրա անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր են։ Եվ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է։ Եվ կցանկանայի, որպեսզի Հայաստանը ոչ մի կորուստ չկրի միջազգային իրավունքը խախտողների այս գործողությունների արդյունքում ", - ընդգծել է Հայաստանում Իրանի դեսպանը։
Նա նաև միջազգային քաղաքակիրթ հանրությանը մեղադրել է այդ ապօրինությունը լռության մատնելու և խրախուսելու, իսկ եվրոպական որոշ երկրների դեպքում՝ նաև այդ ագրեսիային մեղսակից լինելու համար: Ընդ որում, նա խոստովանել է, որ Հայաստանի իշխանություններն այսօր ցավակցություն են հայտնել Իրանին և, նույնիսկ, պատրաստակամություն հայտնել մարդասիրական օգնություն ցուցաբերել, եթե դրա կարիքը լինի:
Դրա հետ մեկտեղ, Շիրգոլամին պատմել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության, տարաբնույթ կազմակերպությունների ներկայացուցիչները եւ Հայաստանի շարքային քաղաքացիներն իրեն աջակցության եւ ցավակցության խոսքեր են հղում: "Մեզ համար դա զարմանալի չէ, քանի որ հայ և իրանցի ժողովուրդները բարեկամ են և միշտ պետք է աջակցեն միմյանց։ Բայց նաև ուզում եմ ափսոսանք հայտնել մի խումբ վերլուծաբանների դիրքորոշման առնչությամբ, որոնք առանց որևէ լուրջ հիմքի շարունակում են Հայաստանում առաջ տանել արևմտյան վեկտորը: Ես չեմ կարող հասկանալ նման պահվածքի դրդապատճառները եւ միայն կարող եմ խորհուրդ տալ հրաժարվել այդ սխալ վեկտորից", - ասել Է Իրանի դեսպանը, հավելելով, որ "Հայաստանում սիոնիստական թեզեր առաջ քաշողները, բարեբախտաբար, փոքրամասնություն են":
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Ամերիկյան կողմն առայժմ հաստատել է իր երեք զինվորականների մահը ։ Իրանի նահանգներից մեկում աղջիկների դպրոցի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել են 170 աշակերտ և նրանց ուսուցիչները, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: