


Արմինֆո. Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ։ Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել․ 26 անշարժ գույք; 7 տրանսպորտային միջոց; 5 իրավաբանական անձանցում մասնակցություն; 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ; 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել», - ասվում է հաղորդագրությունում։
ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1998-1999, 2001-2003, 2006-2008 և 2016-2018 թվականներին: Նա զբաղեցրել է նաև ՀՀ վարչապետի խորհրդականի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնները, եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
Հիշեցնենք, որ դեռ 2017 թվականին (Մկրտչյանը չորրորդ անգամ էր նշանակվել կրթության նախարար), ուսումնասիրելով նրա եկամուտների հայտարարագիրը, "Հետք" - ը գրել էր, որ ի թիվս այլ ունեցվածքի, նա նշել է նաև Նիցցայում ՝ Միջերկրական ծովի Լազուրյա ափին գտնվող բնակարան։



