


Արմինֆո.Մինչ հարևան բարեկամ Իրանը հարձակման է ենթարկվում, Հայաստանի իշխանությունները նախընտրական քարոզարշավ են սկսել և ուրախ սելֆիներ են անում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հարևան երկրում խոշորամասշտաբ ռազմական գործողություններ են` դրանից բխող ծանր տարածաշրջանային հետևանքներով, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները սելֆիների ու անհոգ նկարների շարքեր են անում` քարոզարշավի մեջ են:
Դեռ չեմ խոսում, որ խոսքը բարեկամ երկրի և Հայաստանի «հարավային դարպասի» մասին է:
«Թիթեռնիկային» քաղաքականության հետևանքներն էլ հայ ժողովուրդն ու Հայաստանն են զգալու», - հավելել է նա։
Առավոտյան հայտնի է դարձել, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտից իր սոցիալական ցանցերում, նախ, կիսվել է ուրախ ու բարի առավոտի հաղորդագրություններով, իսկ հետո նաեւ հոլովակ է զետեղել նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին: Տեսանյութում կառավարության գրեթե բոլոր անդամները, խորհրդարանի խոսնակը և իշխող ուժի պատգամավորները քարոզարշավի են մեկնել Արմավիրի և Արարատի մարզեր:



